ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պաշտպանում են հայրենական «թութունն» ու «արաղը»

Պաշտպանում են հայրենական «թութունն» ու «արաղը»
20.02.2009 | 00:00

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄ
Վերջին օրերին Երևանի խանութներում նկատվում է մի շարք ապրանքատեսակների թանկացում: Մասնավորապես, բարձրացել են ներկրվող ծխախոտի գները, և վաճառողներն ու գնորդներն այդ փաստը բացատրում են նրանով, որ տնտեսավարողներին «նեղել» են։ Սակայն փաստացի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը որոշել է բարձրացնել որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը և այդպիսով ներքին շուկայի արտադրողների համար «պաշտպանական» մեխանիզմներ ստեղծել:
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԱԺ-ում ընդունվեց մի նախագիծ, որով տեղական արտադրողների և ներքին շուկայի պաշտպանության համար նախատեսվում էր 2009-ին բարձրացնել մի շարք ներկրվող ապրանքատեսակների մաքսային տուրքերը: Ինչ խոսք, տեղական արտադրող ասելով կարելի է հասկանալ նաև այն պատգամավորներին, ովքեր էլ հիմնականում ներգրավված են օղու, ծխախոտի, շաքարավազի, ալյուրի և այլ ոլորտների արտադրություններում, ու այդ օրենքն էլ միտված էր հենց նրանց շահերի պաշտպանությանը:
Վերջին տարիներին կառավարության գործունեության արդյունքը եղավ այն, որ արդեն անցյալ տարի արտահանման և ներմուծման հարաբերակցությունը դարձավ 1:4, որի պարագայում ներմուծումը փաստացի դառնում էր ամենաշահավետ գործունեության տեսակը, իսկ արտահանողներն իրենց դիրքերը զիջում էին տեղական շուկայում: Չնայած սա պատճառներից մեկն էր ընդամենը, իսկ գլխավոր պատճառը շարունակում էր մնալ այն, որ տեղական արտադրության ապրանքներն այդպես էլ չէին դրսևորում որակական պատշաճ ցուցանիշներ, իսկ դրա համար անհրաժեշտ էր նոր տեխնոլոգիաներ ներդնել: Դա, ինչ խոսք, կարող էր բարձրացնել տեղական արտադրության արդյունավետությունը և ներքին շուկայում ավելի մրցունակ դիրքեր ապահովել, սակայն եթե էժան դոլարի պարագայում կարելի էր իրականացնել այդ փոփոխությունները, և դա տեղի չի ունեցել, այսօր կառավարությունը գնում է որոշ ներմուծվող ապրանքատեսակների տոկոսադրույքների բարձրացմամբ սեփական արտադրողի պաշտպանության ճանապարհով: Սա, ինչ խոսք, ճիշտ քայլ է, սակայն, կարծում ենք, մի քիչ ուշացած, քանի որ կարելի էր տեղական արտադրության պաշտպանության մասին ավելի վաղ մտածել:
Ինչևէ, ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել մաքսային օրենսգրքում որոշ ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ օրինագծին, իսկ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ այդ քայլը որակել է «հակաճգնաժամային միջոցառումների ծրագրերի օրենսդրական նախաձեռնություններից մեկը»: Մասնավորոպես, այս առիթով վարչապետը նշել է, որ որոշումը մասնագիտական լուրջ քննարկումների և բանավեճերի արդյունք է, որոնք տեղի են ունեցել և՛ օպերատիվ շտաբում, և՛ տնտեսական բարձրագույն խորհրդում:
Ըստ վարչապետի, մաքսատուրքը բարձրացնելու որոշումը կվերաբերի միայն այն ապրանքներին, որոնց նկատմամբ ներմուծողի և ներքին արտադրողի միջև գոյություն ունի մրցակցային դաշտ: «Միայն որոշ ապրանքների համար են բարձրացվում մաքսային տուրքերը: Ապրանքների ընտրությունը կատարվել է հետևյալ տրամաբանությամբ` պաշտպանել մեր արտադրողին, որպեսզի կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի մեղմ հաղթահարել», վստահեցրել է Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով` ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կխթանի տեղական արտադրությունը, քանի որ մեր արտադրողներն այդպիսով հարաբերական առավելություն կստանան:
Չնայած այս հավաստիացմանը` դժվար է պատկերացնել, որ, ասենք, 5 տոկոս թանկացման դեպքում «Մալբորո» ծխողը կնախընտրի տեղական ծխախոտը կամ ռուսական, ուկրաինական օղի օգտագործողը կսկսի հայրենական «թութունին» ու «արաղին» գերապատվություն տալ։ Ինչո՞ւ, կհարցնեք։ Որովհետև եթե մինչև հիմա այդ ապրանքատեսակները որակական փոփոխություններ չեն արձանագրել, ապա դժվար թե մաքսատուրքի բարձրացումից հետո մերոնք նախընտրելի վիճակում հայտնվեն:
Չնայած մաքսատուրքի բարձրացումը կանխորոշված է նաև մեկ այլ հանգամանքով: Վերջերս հարկային մարմիններն իսկապես դժվարությունների են հանդիպում ամսական կտրվածքով պահանջված դրամական մուտքերն ապահովելու գործում, և կառավարությունն այս միջոցով փորձում է ինչ-որ չափով շտկել իրավիճակը, և միանգամայն պատահական չի լինի, եթե ներմուծվող ապրանքատեսակների մաքսատուրքերն ավելի բարձրացվեն, քանի որ հնարավոր սոցիալական դժգոհությունները կանխելու և աշխատավարձերի պարտքերը փակելու համար կառավարությանը շտապ բավարար դրամ է անհրաժեշտ:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ